ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ARHEST.AM-ը մեկնարկել է նոր ծրագիր՝ ուղղված էներգաարդյունավետ շինարարության և վերանորոգման ոլորտում հմտությունների ու գիտելիքների զարգացմանը։

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) RECONOMY ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից։ RECONOMY-ի գլխավոր նպատակն է հնարավորություն տալ կանանց ու երիտասարդներին զարգացնել մասնագիտական հմտությունները, հնարավորություն ընձեռելով ունենալ կանաչ և կայուն աշխատանք։

ARHEST.AM-ը, համագործակցություններ հաստատելով շուկայում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ, առաջարկում է ներառական, աշխատաշուկայի պահանջարկի վրա հիմնված ուսուցում՝ նպատակ ունենալով լուծել մասնագիտական հմտությունների պակասի հետևանքով զբաղվածություն չունենալու խնդիրը։

Ծրագրի իրականացման փուլերն են՝
– կարիքների գնահատում,
– հմտությունների քարտեզագրում,
– աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերապատրաստման ծրագրի կազմում,
– մասնակիցների ուղղորդում աշխատաշուկա։

Ստեղծելով դուալ կրթական հարթակ՝ այս նախաձեռնությունն առաջարկում է կայուն, մենթորության վրա հիմնված ուսուցում, որը կտրամադրի մասնագիտական կրթություն, միևնույն ժամանակ միջնորդ կլինի մասնակիցների և պոտենցիալ գործատուների միջև։

Ձևավորելով հմտությունների զարգացման, աշխատանքի տեղավորման և մենթորության ամբողջական ցիկլ՝ նախագծի գլխավոր նպատակը աշխատողների և գործատուների միջև կապի ապահովումն է՝ մասնագիտական հմտությունների բացը լրացնելու միջոցով։